«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի երկու խաղերի արդյունքում «Նապոլիին» պարտվելն ու պայքարից դուրս մնալը (0-1, 1-1).
«Երկու խաղերի արդյունքում «Ինտերն» արժանի էր եզրափակիչ դուրս գալու: Չեմ կարող որևէ բանում նախատել իմ ֆուտբոլիստներին: Սա ագրեսիվ ֆուտբոլ է: Ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես ենք մենք գերիշխում: Շատ պահեր ունեինք, կարող էինք ավելի սառնասիրտ գործել, բայց Օսպինան մի քանի լավ սեյվ կատարեց ու վճռեց խաղի ելքը:
Բաց թողած գոլը հիասթափեցրեց, մենք հիմար սխալ թույլ տվեցինք:
«Ինտերի» կատարմամբ նաև հետագայում եմ ցանկանում այսպիսի խաղ տեսնել: Մոտ 60%-ով տիրում էինք գնդակին, ավելի շատ հարվածներ էինք կատարում դարպասին: «Նապոլին» եզրափակչում է, հանում ենք մեր գլխարկները նրանց առաջ, բայց պետք է գնահատել ոչ միայն արդյունքը, այլև՝ խաղը: Ես շատ գոհ եմ իմ թիմից ու զգում եմ, որ մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալուն: Ֆուտբոլիստները վշտացած են, որ դուրս չեկան եզրափակիչ»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: