Ծանրամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում՝ խստացված պայմաններում: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը.
«Հավաքը սկսել ենք մայիսի 4-ից. այն նախատեսում ենք ավարտել ամսի 24-ին: Եվս մեկ հավաք կունենանք արդեն մայիսի 27-ին: Հավաքականի կազմում ես միշտ ունեցել եմ և՛ երիտասարդներ, և՛ պատանիներ: Այս անգամ 6 երիտասարդ և 10 մեծահասակ մարզիկ է մասնակցում հավաքին: Ընդհանուր առմամբ 20 հոգի ենք: Ունենք բժիշկ, մերսող»,- ասում է Փաշիկ Ալավերդյանն ու ընդգծում, որ կարանտինային իրավիճակում հավաքն անցկացնում են խիստ ու փակ պայմաններում.
«Շատ խիստ ենք: Փակված ենք, չենք էլ թույլ տալիս որևէ կողմնակի մեկի մուտքը: Մարզիկներն էլ իրենց ծնողների ու հարազատների հետ միայն հեռախոսազանգով են շփվում: Որևէ հանդիպում չի լինում: Բոլոր պայմաններն ապահովված են: Պետք է նշեմ՝ մենք ավելի խիստ ենք, քան պետությունը պատկերացնում է: Եթե պետությունը ցանկությունի ունի, կարող եմ իրենց սովորացնել՝ ինչպես խիստ լինել:
Արդյոք գո՞հ եմ ներկայիս կանխարգելիչ միջոցառումներից. թույլ է»:

Իսկ խոսել այն մասին, թե ինչ մարզավիճակում են ծանորդները միացել հավաքին, անգամ ավելորդ է.
«Ի՞նչ մարզավիճակում են. ցավոք, այդ հարցը չպետք է տայիք: Ի՞նչ մարզավիճակի մասին է խոսքը, երբ 45 օր մարզիկներն իրենց տանն էին: Ի՞նչի մասին է խոսքը: Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ պետք լինի վերականգնման ու նախկին մարզավիճակին հասնելու համար: Մեկը վերականգնվում է 40 օրից, մյուսը՝ 38, մյուսն էլ առհասարակ չի վերականգնվում: Դա պետք է մասնագետների հետ քննարկել»:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերին ու նոյեմբերին նշանակված երիտասարդների աշխարհի առաջնությանն ու մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:
Նարե Հովհաննիսյան