Իտալիայի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչից իր սպասելիքներով: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին կայանալիք վճռորոշ խաղում միմյանց դեմ դուրս կգան ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Արսենալը»:
— ՊՍԺ-ն և «Արսենալը» մրցաշարի ուժեղագո՞ւյն թիմերն են:
«Այո, «Բավարիայի» հետ միասին: ՊՍԺ — «Բավարիա» կիսաեզրափակիչը (5-4) իսկական հաճույք էր: Չես ցանկանում, որ նման խաղերն ավարտվեն: Երբեք չես հոգնում դրանք դիտելուց, քանի որ ամեն րոպե կարող է ամեն ինչ պատահել: Հենց այսպիսի հանդիպումներ են երեխաներն ուզում տեսնել, և հանուն նման խաղերի են մարդիկ հաճախում մարզադաշտ»:
— Ո՞ւմ եք նախապատվությունը տալիս եզրափակիչում:
«2-1՝ հօգուտ ՊՍԺ-ի: Փարիզեցիները ֆավորիտ են նման հանդիպումներում ունեցած ավելի հարուստ փորձի շնորհիվ: ՊՍԺ-ն արդեն խաղացել է Լիգայի 2 եզրափակիչում և այժմ կրկին հաղթելու հնարավորություն ունի: Թեև պետք է նշել, որ «Արսենալը» հիմա հիանալի մարզավիճակում է. նրանք նոր են դարձել Անգլիայի չեմպիոն և շատ լավ ֆուտբոլ են ցուցադրում»:
Հավելենք, որ «Արսենալի» համար այս եզրափակիչը կդառնա երկրորդը ակումբի պատմության մեջ: 2006 թվականին Արսեն Վենգերի գլխավորած թիմը վճռորոշ խաղում 1-2 հաշվով զիջել է «Բարսելոնային»:


























































