Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Պրեմիեր լիգայում տարած հաղթանակը տոնելու կարևորության մասին։
Կիրակի օրը «զինագործներն» արդեն չեմպիոնի կարգավիճակում վերջին տուրի խաղում 2:1 հաշվով հաղթել են «Քրիսթալ Փելասին»: Հանդիպման ավարտից հետո հաղթողներին հանձնվել է չեմպիոնական գավաթը: ԶԼՄ-ների ներկայացուցիչները հետաքրքրվել են Արտետայից՝ արդյոք թույլատրելի՞ են բուռն տոնակատարությունները ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ:
«Մենք պետք է տոնենք չեմպիոնությունը, մեզ պետք է այդ էներգիան: Կարծում եմ՝ դրանից հրաժարվելը մեծ սխալ կլիներ: Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ պետք է օգտագործենք այս տրամադրվածությունը, երբ դուրս գանք խաղադաշտ Բուդապեշտում:
Եզրափակչի նախապատրաստությունները կսկսվեն արդեն վաղը: Անհամբեր սպասում ենք մեր ակումբի պատմության մեջ նոր էջ գրելու հնարավորությանը»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Arsenal Radar-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալ» — ՊՍԺ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դիմակայությունը կկայանա մայիսի 30-ին:

























































