Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը գովեստի խոսքեր է հնչեցրել «արքայական» ակումբի երիտասարդ կիսապաշտպան Արդա Գյուլերի հասցեին՝ թուրք ֆուտբոլիստին համարելով մադրիդյան թիմի ապագա առաջատարը։
«Արդա Գյուլերը «Ռեալի» ապագա առանցքային խաղացողն է։ Այս տարի նա շատ է խաղացել և մոտ ապագայում չափազանց կարևոր դեր կունենա թիմի համար։ Նրա օպտիմալ դիրքը «տաս համարն» է՝ մրցակցի դարպասին մոտ։ Նա տիրապետում է հիանալի եզրափակիչ փոխանցման, ուստի պետք է մոտ գործի հարձակվողներին և վինգերներին։ Նա կենտրոնական հարձակվող չէ, ուստի նրա ներուժը հարձակման գծի կենտրոնում սահմանափակ է։ Դրա հետ մեկտեղ, Գյուլերն ունակ է գոլային պահեր ստեղծել դաշտի խորքից», — Կրոսի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Թուրք ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Հավելենք նաև, որ Transfermarkt պորտալի տվյալներով՝ երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո։




























































