Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդիի վնասվածքը սպասվածից շատ ավելի լուրջ է ստացվել։ Իսպանական COPE պարբերականի հաղորդմամբ՝ 30-ամյա ֆուտբոլիստը վտանգում է բաց թողնել մեկ ամբողջ տարի, իսկ անբարենպաստ սցենարի դեպքում՝ վաղաժամ հրաժեշտ տալ մեծ ֆուտբոլին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մենդիի մոտ ախտորոշվել է ջլի պատռվածք՝ ոսկրային պոկումով։ Եթե վերականգնողական գործընթացը բարեհաջող չընթանա, նա ստիպված կլինի ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Նշվում է, որ բժիշկների հիասթափեցնող կանխատեսումների ֆոնին ֆրանսիացի պաշտպանն արդեն սկսել է լրջորեն մտածել կարիերան ավարտելու մասին։
Ֆերլան Մենդին Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանում է 2019 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է ընդամենը 9 հանդիպման՝ արդյունավետ գործողություններով աչքի չընկնելով։
Ֆրանսիացի պաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Ըստ Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 6 միլիոն եվրո։



























































