Գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը համաձայնեցրել է նոր պայմանագիրն իսպանական «Բարսելոնայի» հետ, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 61-ամյա մարզիչը մրցաշրջանի ավարտին կստորագրի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Հաջորդ շաբաթ Բարսելոնա կժամանի Ֆլիկի գործակալ Պինի Զահավին, որպեսզի հարթի վերջին մանրամասները և պարզաբանի լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագան թիմում։
Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականին։ Նրա գլխավորությամբ կատալոնացիները երկու անգամ նվաճել են Իսպանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև մեկական անգամ դարձել են երկրի չեմպիոն և գավաթակիր։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» վստահորեն գնում է դեպի հերթական չեմպիոնությունը։ Առաջնության ավարտից հինգ տուր առաջ կատալոնացիները 11 միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին»։



























































