Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում նախընտրում են թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Յուրգեն Կլոպին, այլ ոչ թե Ժոզե Մոուրինյուին։ Այս մասին El Bar de Sique հաղորդման եթերում հայտնել է Cadena SER-ի լրագրող Գոնսալո Ալվարեսը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները կարծում են, որ Մոուրինյուի աշխատաոճը կարող է լարված մթնոլորտ ստեղծել կոլեկտիվի ներսում։ Նշվում է, որ պորտուգալացի մասնագետը հայտնի է ավելի կոշտ և կոնֆլիկտային մոտեցումներով, մինչդեռ Կլոպը խաղացողների մոտ շատ ավելի մեծ համակրանք է վայելում։
Ալվարեսն ընդգծել է նաև, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հասկանում է գերմանացի մասնագետի թեկնածության գրավչությունը, սակայն միևնույն ժամանակ գիտակցում է այն մեդիաէֆեկտը, որը կարող է ապահովել Մոուրինյոյի վերադարձը Մադրիդ։
Ավելի վաղ Sky Sports-ը հայտնել էր, որ մադրիդցիները դիտարկում են Լիսաբոնի «Բենֆիկայի» ներկայիս մարզիչ Մոուրինյուին հրավիրելու տարբերակը, սակայն կողմերի միջև պաշտոնական բանակցություններ առայժմ չեն ընթացել։


























































