«Բարսելոնան» պատրաստ է առաջիկա ամռանը բաժանվել պաշտպաններ Ալեքս Բալդեից և Ժյուլ Կունդեից։ Կատալոնական ակումբին անհրաժեշտ է ֆինանսական միջոցներ ներգրավել ֆուտբոլիստների վաճառքից՝ նոր տրանսֆերներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է հեղինակավոր Sport.es պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» մտադիր են իրականացնել մի քանի խոշոր տրանսֆերային գործարք՝ առանց էականորեն փոխելու թիմի հիմնական կորիզը։ Տրանսֆերային շուկայում մեծ պահանջարկ կա ինչպես Բալդեի, այնպես էլ Կունդեի նկատմամբ։
Մասնավորապես, Բալդեի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Բարսելոնայում» գնահատում են, որ երիտասարդ պաշտպանի տրանսֆերային արժեքը կարող է գերազանցել 50 միլիոն եվրոն։
Ինչ վերաբերում է Ժյուլ Կունդեին, ապա ֆրանսիացին երջանիկ է ակումբում և չի ցանկանում հեռանալ։ Սակայն «Բարսելոնայի» ղեկավարությունը հստակ հասկացրել է, որ պատրաստ է լսել և քննարկել նրա տրանսֆերի վերաբերյալ ստացված ցանկացած շահավետ առաջարկ։




























































