Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հայտարարել է, որ իր թիմի համար ավելի հեշտ է հաղթել Չեմպիոնների լիգայում, քան Լա լիգայում՝ ակնարկելով, որ ներքին առաջնությունում թիմի անարտահայտիչ խաղի հարցում որոշակի մեղավորություն ունեն նաև իսպանացի մրցավարները։
Ապրիլի 21-ին կայանալիք «Ալավեսի» դեմ խաղին ընդառաջ՝ մադրիդյան ակումբը 9 միավորով զիջում է առաջատար «Բարսելոնային»։
Վերջին 20 տարիների ընթացքում «Ռեալը» 7 անգամ է հաղթել Լա լիգան (վերջինը՝ 2024 թվականին) և նույն ժամանակահատվածում 6 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։
«Դրա համար կա պատճառ, որը շատերը հեշտությամբ կնկատեն։ Մենք, անշուշտ, կարող ենք բարելավել մեր խաղը Լա լիգայում։ Կարծում եմ՝ վերջին ամիսներին բարդ ու մեծ հանդիպումներում ավելի լավ ենք խաղացել, քան համեստ մրցակիցների դեմ։ Բայց մենք նաև բախվել ենք այնպիսի իրավիճակների, ինչպիսին, օրինակ, «Ժիրոնայի» դեմ խաղում նշանակված 11-մետրանոցի դրվագն էր։ Այս ամենը «Ռեալի» համար Չեմպիոնների լիգայում հաղթելն ավելի հեշտ խնդիր է դարձնում, քան Լա լիգայում»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է իսպանացի մասնագետը։
Վերջին տարիներին «Արքայական ակումբը» հաճախ է քննադատում իսպանական մրցավարության որակը։ Այդ դժգոհություններն ավելի սրվեցին Նեգրեյրայի գործով հետաքննությունից հետո, ինչն Արբելոան անվանել է «իսպանական ֆուտբոլի ամենամեծ սկանդալը»։
Նախորդ շաբաթ Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալուց հետո (պարտություն Մյունխենի «Բավարիայից»), «Ռեալը» կանգնած է արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ առանց խոշոր տիտղոսի մնալու վտանգի առաջ։
«Արդեն երկու մրցաշրջան է, ինչ մնում ենք առանց տիտղոսների, իսկ վերջին անգամ նման բան պատահել է ավելի քան 20 տարի առաջ։ «Ռեալն» այն ակումբն է, որտեղ սովորաբար ամեն ինչ լավ է դասավորվում։ Այս ակումբի մենթալիտետը միշտ առաջ նայելն է։ Մեզ մոտ պարտությունն անընդունելի է։ Մենք պետք է հաղթենք մնացած յոթ հանդիպումներում»,- եզրափակել է մարզիչը։


























































