Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է «արքայական ակումբ» իր հնարավոր վերադարձի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։
Ավելի վաղ իսպանական AS պարբերականը հայտնել էր, որ «սերուցքայինները» ցանկանում են աշխարհի չեմպիոնին տեսնել ակումբի մարզական կառույցում։ Իսկ Onda Cero պորտալն ընդգծել էր, որ գերմանացին կարող է կապող օղակ դառնալ ակումբի ղեկավարության և ֆուտբոլիստների միջև։
«Այս մասին ոչինչ ասել չեմ կարող։ Չեմ ուզում ոչինչ ասել, քանի որ պարզապես ոչինչ չգիտեմ։ (Ժպիտով դիմելով եղբորը) Դու կարող ես շարունակել հենց այսպես էլ պատասխանել»,- ասել է Կրոսը Einfach mal Luppen փոդքասթի ժամանակ։
Հիշեցնենք, որ լեգենդար կիսապաշտպանը մադրիդյան ակումբի գույները պաշտպանել է 2014-ից մինչև 2024 թվականը՝ մինչև պրոֆեսիոնալ կարիերան ավարտելը։
Այդ ժամանակահատվածում Կրոսը Մադրիդի «Ռեալի» հետ հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և չորս անգամ հռչակվել Իսպանիայի չեմպիոն։



























































