«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու շահերը ներկայացնող գործակալ Պինի Զահավին այս շաբաթ հանդիպել է «կապտանռնագույնների» ղեկավարության հետ։ Հանդիպման նպատակն է եղել պարզել ակումբի առաջարկը 37-ամյա հարձակվողի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, որի ժամկետն ավարտվում է ամռանը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի հետ համագործակցությունը երկարաձգել ևս մեկ տարով, սակայն աշխատավարձի զգալի կրճատման պայմանով։ Բացի «Բարսելոնայից», Լևանդովսկին առաջարկներ ունի նաև իտալական «Միլանից» և «Յուվենտուսից», ամերիկյան «Չիկագո Ֆայրից», ինչպես նաև սաուդյան մի քանի ակումբներից։
Նշվում է, որ լեհ հարձակվողը մտադիր է մանրամասն դիտարկել կարիերան շարունակելու բոլոր հնարավոր տարբերակներն ու իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնել մինչև ապրիլի վերջ։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8 մլն եվրո։



























































