Իտալական Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 32-րդ տուրի շրջանակում «Ռոման» «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի հետնապահին՝ «Պիզային»։ Հանդիպումն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ և ավարտվեց նրանց խոշոր հաշվով հաղթանակով՝ 3:0։
Օրվա և խաղի գլխավոր հերոսը դարձավ հռոմեական ակումբի նիդերլանդցի հարձակվող Դոնիել Մալենը՝ դառնալով տպավորիչ հեթ-տրիկի հեղինակ։ Մալենը հյուրերի դարպասի բանալին գտավ արդեն հանդիպման մեկնարկում՝ աչքի ընկնելով 3-րդ րոպեին։ Առաջին խաղակեսի վերջնամասում (43′) նա կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ երկրորդ կեսի սկզբում՝ 52-րդ րոպեին, վերջնականապես դրեց հանդիպման վերջակետը։
Այս խաղից հետո հռոմեացիները վաստակեցին 57 միավոր և այժմ զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ շարունակելով պայքարը եվրագավաթային գոտու համար։
«Պիզան» շարունակում է գտնվել խորը ճգնաժամի մեջ։ Սա թիմի երրորդ անընդմեջ պարտությունն էր. նրանք 32 խաղից հետո իրենց ակտիվում ունեն ընդամենը 18 միավոր և եզրափակում են մրցաշարային աղյուսակը (20-րդ տեղ)՝ էլ ավելի բարդացնելով բարձրագույն խմբում տեղը պահպանելու իրենց խնդիրը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































