Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կգլխավորի Մադրիդի «Ռեալը»։ Այս մասին հայտնում է մարզական լրագրող Ֆրանսուա Գալյարդոն։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կողմերը գերմանացի մասնագետի՝ առաջիկա ամռանը նշանակվելու շուրջ համաձայնության են եկել դեռևս դեկտեմբերին։ Ընդ որում, ընդգծվում է, որ այս որոշումն ամենևին կախված չէ թիմի ներկայիս մարզիչ Ալվարո Արբելոայի գրանցած արդյունքներից։ Նշվում է նաև, որ Կլոպն արդեն իսկ աշխատանքային պայմանագիր է ստորագրել «արքայական» ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի մարզչական կարիերայի վերջին ակումբն անգլիական «Լիվերպուլն» էր, որի ղեկին նա աշխատել է 2015-ից 2024 թվականներին և պաշտոնից հեռացել 2024-ի ամռանը։
Արդեն 2025 թվականի սկզբից գերմանացի մասնագետը զբաղեցնում է Red Bull ընկերության ֆուտբոլային ուղղության ղեկավարի պաշտոնը։ Սակայն մարտի սկզբին լուրեր էին շրջանառվում առ այն, որ ընկերության ղեկավարությունը դժգոհ է Կլոպի կայացրած որոշ որոշումներից և դիտարկում է նրան պաշտոնանկ անելու հավանականությունը։


























































