«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել, որ մերսիսայդցիների հարձակման ներկայիս առաջատար Յուգո Էկիտիկեն ապագայում կարող է գերազանցել Մոհամեդ Սալահի նվաճումները, եթե ֆրանսիացին երկար ժամանակով մնա ակումբում։
Ինչպես հայտնի է, այս շաբաթ Սալահը հայտարարեց մրցաշրջանի ավարտին «Լիվերպուլից» հեռանալու մասին։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ժամկետից շուտ խզել պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2027 թվականի ամառը։ Սալահը «Լիվերպուլի» պատմության լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնում է երրորդ տեղը՝ իր ակտիվում ունենալով 255 գոլ և զիջելով միայն Ռոջեր Հանթին (285) ու Իան Ռաշին (346)։
Սակայն, ըստ Կլոպի, ֆրանսիացի Էկիտիկեն, ով այս մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն է, տեսականորեն շանսեր ունի ապագայում գերազանցելու այդ պատմական թվերը։ Ամռանը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխված Յուգոն արագ հարմարվեց նոր թիմին և արդեն հասցրել է աչքի ընկնել 17 անգամ։
«Հուսով եմ՝ նա հաջող կեզրափակի մրցաշրջանը։ Նախորդ գիշեր մենք նամակագրական կապի մեջ էինք։ Ուզում եմ, որ Մոն վայելի այս հանդիպումները, բայց գիտեմ՝ նա կարող է հաճույք ստանալ միայն այն ժամանակ, երբ թիմը հաղթում է, իսկ ինքը՝ գոլեր խփում։ Այն, թե որտեղից է նա եկել, ինչերի միջով է անցել և ինչ է տվել մեզ… դա անհավանական է։
Երբ աշխատում ես նրա հետ, ժամանակի ընթացքում այդ թվերն ուղղակի աբսուրդ են թվում։ Դրանք անգերազանցելի ցուցանիշներ են։ Հնարավոր է՝ 10 տարի անց մենք նստենք այստեղ ու ասենք, որ Էկիտիկեն [գերազանցել է նրա ցուցանիշները], բայց դա շատ բարդ է լինելու։ Բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկը, անկասկած, ամռանը կհեռանա ակումբից։ Տեսնենք, թե որտեղ կհայտնվի նա հաջորդիվ», — ասել է Կլոպը The Anfield Wrap փոդքասթի եթերում։




























































