Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հռչակվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված շախմատի 19th Agzamov Memorial միջազգային մրցաշարի հաղթող։ Տեղեկությունը հաստատում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի վերջին՝ տասներորդ տուրում, հայ գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով միավորը կիսել է ռուսաստանցի Նիկիտա Աֆանասևի հետ՝ խաղն ավարտելով ոչ-ոքի։ Անցկացված տասը պարտիաների արդյունքում Մարտիրոսյանը հնարավոր առավելագույնից վաստակել է 7,5 միավոր՝ առաջինից երկրորդ տեղերը բաժանելով ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Արտյոմ Ուսկովի հետ։ Սակայն լրացուցիչ ցուցանիշների հաշվարկի արդյունքում մրցաշարի չեմպիոնի կոչումն ու առաջին հորիզոնականը բաժին են հասել հայ շախմատիստին։
Նշենք նաև, որ Տաշքենդում կայացած միջազգային այս ստուգատեսի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում էր 80 հազար դոլար։




























































