Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը Մյունխենի «Բավարիան» որակել է որպես Եվրոպայի լավագույն թիմ։ Նշենք, որ Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքում այս երկու գրանդ ակումբները կմրցեն արդեն քառորդ եզրափակիչում:
Գերմանացի պաշտպանի համոզմամբ՝ վիճակահանության արդյունքում մադրիդցիներին բաժին է ընկել հնարավոր վատագույն երկու տարբերակներից մեկը։
««Ռեալում» բոլորս էլ հասկանում ենք, որ մեզ սպասվում է հանդիպում համաշխարհային մակարդակի և բացարձակ կայունություն ունեցող թիմի հետ։ Ներկայումս նրանք՝ Լոնդոնի «Արսենալի» հետ մեկտեղ, Եվրոպայի լավագույն թիմն են»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է գերմանական Kicker պարբերականը։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում «Բավարիան» երկու խաղերի արդյունքում ջախջախել է իտալական «Ատալանտային», իսկ «Ռեալը» պայքարից դուրս է թողել անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։


























































