Հայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Ժյուլ Կունդեի, Ալեխանդրո Բալդեի և Ֆրենկի դե Յոնգի վերադարձի վերաբերյալ նոր մանրամասներ։
Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo պարբերականը, մարզիկների վերադարձի ժամանակացույցն ունի հետևյալ տեսքը.
Պաշտպաններն ապաքինվել են և կընդգրկվեն թիմի հայտացուցակում միջազգային դադարից հետո կայանալիք առաջին իսկ խաղում՝ ապրիլի 4-ին Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք մրցավեճում։
Նիդերլանդցի կիսապաշտպանի ապաքինումն ավելի երկար ժամանակ կպահանջի։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է ապրիլի 11-ին նախատեսված կատալոնական դերբիում՝ «Էսպանյոլի» դեմ խաղում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 29 տուրերից հետո «Բարսելոնան» վաստակած 73 միավորով վստահորեն գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ 30-րդ տուրի շրջանակում կատալոնացիների առաջիկա հանդիպումը («Ատլետիկոյի» դեմ) կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



























































