«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան, որի պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ ավարտվում է այս ամռանը, կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակ է դիտարկում «Բարսելոնան»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայությունները «կապտանռնագույններին» առաջարկել է նրա գործակալ Ժորժե Մենդեշը։ Նշվում է, որ կատալոնական ակումբում Բեռնարդուի հնարավոր տրանսֆերը համարում են «հետաքրքիր գործարք», սակայն գիտակցում են, որ ներկայումս թիմում այդ դիրքի ֆուտբոլիստների քանակը չափազանց մեծ է։
«Բարսելոնան» առաջնային չի համարում Սիլվայի տեղափոխության ուղղությամբ տարվող աշխատանքները, քանի որ նախևառաջ ցանկանում է կենտրոնական պաշտպան և հարձակվող ձեռք բերել։ Ընդ որում, «Բարսայում» ամենևին չեն կասկածում կիսապաշտպանի բարձր որակներին։
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 27 միլիոն եվրո։



























































