«Միլանը» մտադիր է բաժանվել թիմի վինգեր Ռաֆայել Լեաուից։ Ինչպես հայտնում է հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականը, միլանյան ակումբի ղեկավարությունը խիստ հիասթափված է ֆուտբոլիստի վերջին շրջանի խաղից և դրսևորած վարքագծից, ուստի պատրաստ է քննարկել նրա տրանսֆերի վերաբերյալ առաջարկները:
Հիշեցնենք, որ «ռոսոներիի» պորտուգալացի աստղը բուռն դժգոհություն էր հայտնել «Լացիոյի» դեմ կայացած խաղի (0:1) 66-րդ րոպեին իրեն փոխարինելու որոշման կապակցությամբ։ Նա երկու անգամ դիմադրել և խուսափել է, երբ թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին փորձել է գրկել նրան, ինչպես նաև ինչ-որ բան է դժգոհել մարզչին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ կրքերը չեն հանդարտվել նաև հանդերձարանում, որտեղ Լեաուն պահանջներ է ներկայացրել թիմակից Քրիստիան Պուլիշիչին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լեաուի պայմանագրով սահմանված հրաժարագինը կազմում է 170 միլիոն եվրո, սակայն խաղացողի իրական շուկայական արժեքն այժմ կարող է կազմել մոտ 80 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են Անգլիայի և Սաուդյան Արաբիայի ակումբները:
Որպես Լեաուին հնարավոր փոխարինող՝ իտալական ակումբը դիտարկում է «Լայպցիգի» վինգեր Անտոնիո Նուսայի թեկնածությունը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 35 միլիոն եվրո:




























































