Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը հաջողությամբ վիրահատվել է աջ ոտքի առաջային խաչաձև կապանի և արտաքին մենիսկի պատռվածքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Վիրահատությունն անցել է «արքայական» ակումբի բժշկական ծառայության վերահսկողության ներքո։ Առաջիկա օրերին բրազիլացի ֆուտբոլիստը կսկսի վերականգնողական գործընթացը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա բաց կթողնի շուրջ 10 ամիս։
Վիրահատությունից հետո Ռոդրիգոն սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել.
«Փառք Աստծո, վիրահատությունը լավ անցավ։ Այսօր նոր պատմություն է սկսվում։ Ծնվել է նոր Ռոդրիգո։ Ես պատրաստ եմ անցնել այս ողջ գործընթացի միջով և ապրել՝ վայելելով Աստծո օրհնությունը։ Շատ շնորհակալ եմ սիրով լի յուրաքանչյուր հաղորդագրության համար»,- գրել է բրազիլացին։
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն վնասվածք էր ստացել Լա Լիգայի 26-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղում (0:1)։ Չնայած լուրջ վնասվածքին՝ «սերուցքայինների» հարձակվողը կարողացել էր շարունակել հանդիպումը։ Նա «Սանտյագո Բերնաբեուում» խաղադաշտ էր դուրս եկել 55-րդ րոպեին և խաղացել մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։


























































