Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է առաջադրել լոնդոնյան «Չելսիի» վինգեր Պեդրու Նետուին Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (2:1) ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար։
Ինչպես հայտնում է FA-ի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցի իր էջում, ընդգծվում է, որ հեռացվելուց հետո ֆուտբոլիստը ժամանակին չի լքել խաղադաշտը, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ է հնչեցրել հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմի հասցեին։
Նետուն մինչև երկուշաբթի՝ մարտի 9-ը, ժամանակ ունի՝ իրավիճակի վերաբերյալ պաշտոնական բացատրություն տալու համար։
Հիշեցնենք, որ լոնդոնյան դերբիում «Չելսիի» պորտուգալացի ֆուտբոլիստն իր առաջին դեղին քարտը ստացել էր 67-րդ րոպեին, իսկ ընդամենը երեք րոպե անց հեռացվել էր խաղադաշտից։ Այդ հանդիպմանը Նետուն արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել։

























































