Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան առաջիկա ամռանը կարող է հեռանալ իտալական «Ռոմայից» և վերադառնալ հայրենիք։
Ինչպես հայտնում է հայտնի մարզական լրագրող և ինսայդեր Նիկոլո Սկիրան, 32-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ արդեն իսկ բանակցություններ են վարում արգենտինական «Բոկա Խունիորսի» ներկայացուցիչները։
Դիբալայի գործող պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Այդ իսկ պատճառով արգենտինական գրանդի գլխավոր նպատակն է հարձակվողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ որպես ազատ գործակալ։ Աղբյուրի համաձայն՝ Դիբալային արդեն առաջարկվել է պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի ավարտը։
Նշենք, որ Պաուլո Դիբալան Իտալիայում հանդես է գալիս հեռավոր 2012 թվականից։ Այս տարիների ընթացքում նա հասցրել է պաշտպանել իտալական երեք ակումբների՝ «Պալերմոյի», «Յուվենտուսի» և «Ռոմայի» գույները։




























































