Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկատվություն է հրապարակել պաշտպաններ Ժյուլ Կունդեի և Ալեխանդրո Բալդեի վնասվածքների բնույթի վերաբերյալ, որոնք նրանք ստացել էին Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության պատասխան հանդիպման ժամանակ։
Բժշկական հետազոտությունների արդյունքում Կունդեի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ազդրի երկգլուխ մկանի միջին հատվածի վնասվածք։ Թեև ակումբը զերծ է մնացել ֆրանսիացու վերադարձի ստույգ ժամկետներ նշելուց՝ ընդգծելով, որ դրանք կախված կլինեն ապաքինման ընթացքից, RMC Sport-ի հաղորդմամբ՝ պաշտպանը խաղադաշտից կբացակայի մոտ մեկ ամիս։
Ինչ վերաբերում է Բալդեին, ապա նրա մոտ ախտորոշվել է նույնպես ազդրի երկգլուխ մկանի, սակայն դիստալ (ստորին) հատվածի վնասվածք։ Նախնական կանխատեսումներով՝ իսպանացի ֆուտբոլիստի լիարժեք վերականգնման համար կպահանջվի կրկին մոտ մեկ ամիս։
Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի տնային խաղում «Բարսելոնան» 3-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ատլետիկոյի» նկատմամբ, սակայն դուրս մնաց մրցաշարի հետագա պայքարից: Մադրիդում կայացած առաջին դիմակայությունում կատալոնացիները պարտվել էին 0:4 հաշվով՝ զիջելով եզրափակիչի ուղեգիրը Դիեգո Սիմեոնեի թիմին։


























































