Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսին, ով ծանր վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի 2025/2026 մրցաշրջանի մնացած հատվածը և չի կարողանա մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
«Մենք քո կողքին ենք ապաքինման յուրաքանչյուր փուլում: Ամուր մնա, Ռոդրիգո»,- գրել է իտալացի մասնագետը սոցցանցերի իր էջում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բրազիլացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր աջ ոտքի առաջային խաչաձև կապանի և կողմնային (լատերալ) մենիսկի պատռվածք։ Նրա ապաքինումը կարող է տևել մոտ 10 ամիս: Միջադեպը տեղի էր ունեցել Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Խետաֆեի» դեմ խաղի ժամանակ (0:1):
«Արքայական ակումբի» հարձակվողը վնասվածք էր ստացել հանդիպման ընթացքում, սակայն կարողացել էր շարունակել խաղը՝ չնայած վնասվածքի լրջությանը, ինչի մասին հայտնի դարձավ միայն բժշկական խորացված հետազոտություններից հետո:


























































