Մոսկվայի «Սպարտակի» սան Ալեքսանդր Կոզլովը, որն այժմ հանդես է գալիս Երևանի «Արարատում», «Чемпионат»-ին տված հարցազրույցում պատմել է իր ծանոթության մասին օրենքով գող Ասլան Ուսոյանի հետ՝ ավելի հայտնի որպես Դեդ Հասան.
«Մեկ անգամ ենք տեսնվել: Հանդիպումը երկար չտևեց: Ֆուտբոլային մի թեմա կար: Խոսակցություններ կային, որ ես պետք է տեղափոխվեմ ԲԿՄԱ, և ահա մարդիկ լուծում էին այդ հարցը»,- պատմել է Կոզլովը:
Ֆուտբոլիստը նշել է, որ հանցավոր հեղինակությունն ակտիվորեն հետևել է ֆուտբոլին և նշել երիտասարդ ֆուտբոլիստներին.
«Մենք դեռ այն ժամանակ ինչ-որ մրցաշարից հետո էինք եկել, ես 4, թե 5 գոլ էի խփել: Դեդ Հասանը շատ էր ուրախացել»,- նշել է հարձակվողը:
Նրա խոսքով, օրենքով գողն այն մարդկանցից մեկն էր, ով որոշում էր կայացնում բանակայինների կազմ հնարավոր տեղափոխությունների վերաբերյալ: Անձամբ Կոզլովի վրա, նրա խոսքով, ճնշում էին գործադրում հնարավոր տեղափոխության հետ կապված: Թե կոնկրետ ով էր ճնշում, ֆուտբոլիստը չի բացահայտել.
«Վեճը լուծելու համար նա կանչեց ինձ ու հարցրեց, թե անձամբ ես ինչ եմ ցանկանում: Ես ասացի, որ ցանկանում եմ խաղալ «Սպարտակի» կազմում: Դրանից հետո ԲԿՄԱ-ի և ճնշումների հետ կապված թեման րոպեական փակվեց»,- ասել է Կոզլովը՝ ավելացնելով, որ Դեդ Հասանն իր վրա բարի մարդու տպավորություն է թողել:
Դեդ Հասանը, որը համարվում էր Ռուսաստանի հանցավոր աշխարհի պարագլուխներից մեկը, 2013 թվականի հունվարի 16-ին Մոսկվայում սպանվել է, ըստ քննության վարկածի՝ դիպուկահարի կրակոցով։