ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում իսկական դրամա գրանցվեց․ իտալական «Ատալանտան» Բերգամոյի «Ջևիս» մարզադաշտում կամային փայլուն հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ՝ առավելության հասնելով 4։1 հաշվով։ Քանի որ առաջին դիմակայությունում դորտմունդցիները հաղթել էին 2։0 հաշվով, իտալական ակումբին անհրաժեշտ էր ֆանտաստիկ վերադարձ, ինչն էլ նրանք հաջողությամբ իրագործեցին։
Տանտերերը շատ արագ առաջ անցան հաշվի մեջ. արդեն 5-րդ րոպեին Ջանլուկա Սկամական գրավեց հյուրերի դարպասը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 45-րդ րոպեին, պաշտպան Դավիդե Ձապակոստան կրկնապատկեց իտալական ակումբի առավելությունը՝ փաստացի հավասարեցնելով երկու խաղերի արդյունքում գրանցված ընդհանուր հաշիվը։
Երկրորդ կեսում բերգամացիները շարունակեցին ճնշումը, և 57-րդ րոպեին Մարիո Պաշալիչը խփեց «Ատալանտայի» երրորդ գնդակը։ Չնայած 75-րդ րոպեին Կարիմ Ադեյեմիի խփած գոլը հույս արթնացրեց «մեղուների» մոտ և խաղը տանում էր դեպի լրացուցիչ ժամանակ, հանդիպման հանգուցալուծումը վրա հասավ բուն ժամանակի ամենավերջում։
Իսպանացի մրցավար Խոսե Սանչես Մարտինեսի ավելացրած 90+8-րդ րոպեին Լազար Սամարջիչը անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այսպիսով, ընդհանուր 4։3 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնելով՝ «Ատալանտան» նվաճեց Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ



























































