Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի՝ լիսաբոնյան «Բենֆիկայի» դեմ կայացած առաջին անցումային խաղում տեղի ունեցած միջադեպին։ Հանդիպման ընթացքում «սերուցքայինների» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ռասիստական բնույթի վիրավորանքների է ենթարկվել։
«Թիմում բոլորն աջակցում են Վինիսիուսին։ Նա մեզ ամեն ինչ պատմեց, թեպետ «Բենֆիկայի» խաղացողը հերքում է դա։ Մենք նույնիսկ ցանկանում էինք լքել խաղադաշտը, սակայն Վինին ասաց, որ պետք է շարունակենք խաղը և հասնենք հաղթանակի։ Հենց դա էլ մենք արեցինք։ «Ռեալը» արժանի հաղթանակ տարավ»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում SoFoot-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է մադրիդյան թիմի նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով։ Պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Մադրիդում։




























































