«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղից առաջ կիսվել է իսպանական ակումբից իր հեռանալու հիշողություններով։
Պորտուգալացի մասնագետը շեշտել է, որ պահպանում է ջերմ հարաբերություններ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։
«Վերջին անգամ Պերեսի հետ շփվել ենք, երբ ես գլխավորեցի «Բենֆիկան». նա ինձ շնորհավորական ուղերձ էր հղել։ Անկեղծորեն հույս ունեմ այսօրվա խաղում տեսնել նրան։ Մենք ընկերներ ենք, և դա թաքցնելու իմաստ չկա», — նշել է Մոուրինյուն։
Մոուրինյուն մանրամասնել է, որ իր հեռանալու պահին ակումբում իրավիճակը կայունանում էր։ Նրա խոսքով՝ նախագահը և ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը նշում էին, որ մարզիչը հեռանում է հենց այն պահին, երբ ամբողջ ծանր, «սև» աշխատանքն արդեն կատարված է, և առջևում ավելի հանգիստ ու հաջող ժամանակներ են։ Այնուամենայնիվ, մարզիչը վստահ է եղել իր որոշման մեջ՝ առաջնահերթությունը տալով ընտանեկան արժեքներին։
«Ես համոզված էի, որ հեռանալու ժամանակն է, քանի որ ընտանիքիս շահերն ինձ համար վեր են ամեն ինչից։ Սկզբնական շրջանում դժվար էր, սակայն ակումբի հետագա հաջողությունները մնացողների վաստակն են, ոչ թե իմ անձնական ներդրումը», — ասել է նա։
Եզրափակելով խոսքը՝ Մոուրինյուն ընդգծել է իր հրաժարականի յուրահատկությունը․
«Հավանաբար ես այն քիչ մասնագետներից եմ, որոնք «Ռեալից» հեռացել են սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե ղեկավարության որոշմամբ։ Երբ նման որոշումն ինքնուրույն ես կայացնում, հեռանում ես խաղաղ խղճով», — Մոուրինյուի խոսքերը մեջբերում է Marca-ն։
«Բենֆիկա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 17-ին, Երևանի ժամանակով 00։00-ին։























































