Իսպանական մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչը, որի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ջախջախիչ՝ 4-0 հաշվով հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։
Չնայած կատալոնացիները դիմակայությանը մոտեցել էին ֆավորիտի կարգավիճակով, մադրիդցիների ցուցադրած խաղը նրանց համար իսկական սառը ցնցուղ դարձավ։
The Athletic պարբերականի հաղորդմամբ՝ ցավալի պարտությունից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հանդիպում են ունեցել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ։ Հանդիպման ընթացքում թիմի ավագներն ու առանցքային խաղացողները մարզչին են փոխանցել թիմի ընդհանուր մտահոգությունը՝ ընտրված մարտավարության վերաբերյալ։
Ֆուտբոլիստները գերմանացի մասնագետին խնդրել են ուժեղ մրցակիցների դեմ առանցքային հանդիպումներում ցուցաբերել ավելի պրագմատիկ մոտեցում։ Ըստ նրանց՝ անհրաժեշտ է հարմարվել այնպիսի բարդ մրցակիցների խաղաոճին, ինչպիսին «Ատլետիկոն» է՝ միաժամանակ չհրաժարվելով թիմի հիմնական խաղային սկզբունքներից։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ «Բարսելոնան» կփորձի հետ բերել կորցրածը։






















































