Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում կայացած «Ատլետիկո Մադրիդ» — «Բարսելոնա» հանդիպման գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան հետխաղյա արձանագրության մեջ մանրամասնել է VAR համակարգի աշխատանքի խափանման պատճառները։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է մադրիդյան ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0 հաշվով։
Ըստ մրցավարի զեկույցի՝ խնդիրը ծագել է խաղից դուրս վիճակի որոշման ժամանակ։
«Վերլուծության ընթացքում պարզվել է, որ մեկ կետում ֆուտբոլիստների մեծ կուտակման պատճառով համակարգը դժվարացել է իրականացնել խաղացողների կմախքային մոդելավորումը (skeleton modeling): Մոդելի վերակարգավորման անհաջող փորձից հետո VAR-ի թիմը, հետևելով ընթացակարգին, ստիպված է եղել անցնել մեխանիկական ռեժիմի՝ ձեռքով գծելով խաղից դուրս վիճակի գծերը՝ վերջնական և ճիշտ որոշում կայացնելու համար»,- նշված է Մունուերայի զեկույցում։
Տեխնիկական այս խնդրի պատճառով մրցավարական անձնակազմից պահանջվել է ավելի քան վեց րոպե՝ չեղարկելու «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսիի խփած գոլը։ Դրվագը տեղի է ունեցել երկրորդ խաղակեսում՝ հանդիպման 52-րդ րոպեին, երբ արձանագրվել է խաղից դուրս վիճակ։
Նշենք, որ մրցաշարի գործող գավաթակիրը «Բարսելոնան» է։ Նախորդ խաղարկության եզրափակիչում «կապտանռնագույնները» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով առավելության էին հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։



























































