Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանն ավարտեց իր ելույթները։
Տղամարդկանց դահուկավազքի 10 կմ ազատ ոճի (ինտերվալ մեկնարկ) մրցումներում հայ մարզիկը եզրագիծը հատել է 23 րոպե 06.4 վայրկյան արդյունքով։ Այս ցուցանիշով Միքայելյանը 112 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը։
Մրցումային օրը նշանավորվեց նաև պատմական արդյունքով․ մրցաձևի հաղթող ճանաչվեց նորվեգացի լեգենդար դահուկորդ Յոհանես Կլեբոն։ Ցույց տալով 20։36․2 արդյունք՝ նա ոչ միայն նվաճեց հերթական չեմպիոնական տիտղոսը, այլև դարձավ Օլիմպիական խաղերի ութակի ոսկե մեդալակիր։ Արծաթե մեդալին արժանացավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Մատիս Դելոժը (+4,9 վրկ), իսկ լավագույն եռյակը եզրափակեց նորվեգացի Էյնար Հեդեգարտը (+14,0 վրկ):
Հիշեցնենք, որ Միքայել Միքայելյանը փետրվարի 8-ին մասնակցել էր նաև 20 կմ սկիաթլոնին (10 կմ դասական + 10 կմ ազատ ոճ), որտեղ գրանցել էր 51:06.8 ժամանակ և զբաղեցրել 48-րդ տեղը։ Ավելի վաղ կանանց պայքարում իր մրցելույթն ավարտել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կատյա Գալստյանը (82-րդ տեղ):
Հայաստանի օլիմպիական հավաքականի համար խաղերը դեռ շարունակվում են։ Հաջորդիվ պայքարի մեջ կմտնի լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, որը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին։ Գեղասահքի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին զույգը․ նրանց կարճ ծրագիրը նախատեսված է փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագիրը՝ փետրվարի 16-ին։




























































