ԱՄՆ-ի տղամարդկանց հոկեյի ազգային հավաքականը դարձավ Իտալիայում ընթացող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Միլանի «Արենա Սանտա-Ջուլիա» մարզադաշտում կայացած դրամատիկ եզրափակիչում ամերիկացիները լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով առավելության հասան Կանադայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով (ժամանակահատվածների արդյունքներն են՝ 1:0, 0:1, 0:0)։ ԱՄՆ-ի կազմում հաշիվը բացեց Մեթյու Բոլդին, իսկ կանադացիներից պատասխան տափօղակը հեղինակեց Քեյլ Մաքարը: Հանդիպման ելքը վճռվեց «երեքը երեքի դեմ» ձևաչափով ընթացող օվերթայմում: Լրացուցիչ ժամանակի հենց առաջին րոպեներին Ջեք Հյուզի դիպուկ հարվածը հաղթանակ և օլիմպիական ոսկի պարգևեց ԱՄՆ-ի հավաքականին:
Այս հաղթանակը պատմական նշանակություն ունի ամերիկյան սպորտի համար. ԱՄՆ-ի հոկեյի հավաքականը նվաճեց օլիմպիական ոսկին վերջին 46 տարվա ընթացքում առաջին անգամ։ Սա ամերիկացիների պատմության մեջ երրորդ օլիմպիական ոսկին է. նախկինում նրանք Խաղերում հաղթել էին միայն 1960 և 1980 թվականներին:
Մրցաշարի արծաթե մեդալակիր դարձավ Կանադան, իսկ բրոնզե մեդալները նվաճեց Ֆինլանդիայի հավաքականը:
Չնայած եզրափակիչում կրած պարտությանը, կանադացի հոկեյիստներն աչքի ընկան անհատական բացառիկ ցուցանիշներով։ Կոնոր Մաքդեյվիդը դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու՝ վաստակելով 13 միավոր (2 գոլ և 11 գոլային փոխանցում)։ Այս ցուցանիշով նա նոր ռեկորդ սահմանեց NHL-ի (Հոկեյի ազգային լիգա) խաղացողների մասնակցությամբ օլիմպիական մրցաշարերի պատմության մեջ։ Կանադայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մաքլին Սելեբրինին, 5 խփած տափօղակով ճանաչվեց Օլիմպիադա-2026-ի լավագույն դիպուկահար:
Նշենք, որ այս հանդիպումով պաշտոնապես եզրափակվեց Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերի մրցումային ծրագիրը:



























































