«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Մայքլ Քարիկը նշել է, որ չնայած թիմի վերջին հաջողություններին, իր աշխատանքային մոտեցումներում փոփոխություններ չկան։
Ավելի վաղ «Կարմիր սատանաները» Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում հաղթանակներ էին տոնել «Մանչեսթեր Սիթիի» (2:0), «Արսենալի» (3:2) և «Ֆուլհեմի» (3:2) նկատմամբ։
«Խոսքը թիմի խաղը բարելավելու, «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի ուժեղ և անընդհատ զարգացող դարձնելու մասին է։ Բայց ոչինչ չի փոխվել։ Կարճ ժամանակահատվածի արդյունքները ոչինչ չեն փոխում։ Եթե արդյունքները սկսում են ինչ-որ բան փոխել մոտեցումներում, ուրեմն ինչ-որ բան այն չէ։ Չի կարելի շտապողական որոշումներ կայացնել՝ անկախ նրանից, կա՞ն բարելավումներ, թե՞ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Սա կայուն առաջընթաց է»,- Քարիկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Մարզիչը հավելել է, որ ֆուտբոլում իրավիճակը կարող է կտրուկ փոխվել մեկ ակնթարթում, ուստի թիմը պետք է պահպանի հանգստությունը և կենտրոնանա անհրաժեշտ աշխատանքի վրա։
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Մայքլ Քարիկը նշանակվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Մանկունիացիները 41 միավորով ներկայումս զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։


























































