Աշխարհի չեմպիոն Սերխիո Ռամոսը ցանկանում է կարիերան շարունակել ֆրանսիական «Մարսելում», հայտնում է Goal-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռամոսը մարսելյան ակումբին առաջարկել է իր ծառայությունները, սակայն պրովանսցիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին այնքան էլ շահագրգռված չէ 39-ամյա պաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Դեկտեմբերին Ռամոսը հեռացել էր մեքսիկական «Մոնտերեյից»՝ ցանկություն հայտնելով կարիերան վերսկսել Եվրոպայում։ Այդ ժամանակվանից իսպանացին գտնվում է առանց ակումբի՝ ազատ գործակալի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ Ռամոսը Մադրիդի «Ռեալի» նախկին ավագն է, որի կազմում հինգ անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի կոչումը և չորս անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։ Նա նաև Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն է ՊՍԺ-ի կազմում։




























































