Բրազիլական «Ֆլամենգոն» մտադիր է կոնկրետ քայլեր ձեռնարկել Մադրիդի «Ռեալի» հարձակվող և իր սան Վինիսիուս Ժունիորին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկությունների՝ բրազիլական գրանդում քաջ գիտակցում են, որ չեն կարող մրցակցել «Ռեալի» կամ սաուդյան ակումբների առաջարկած ֆինանսական պայմանների հետ։ Այդուհանդերձ, «Ֆլամենգոն» մտադիր է պայքար մղել ոչ թե թվերի, այլ էմոցիաների դաշտում՝ շեշտը դնելով ֆուտբոլիստի և ակումբի միջև առկա հզոր կապի վրա։
Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբը պատրաստ է 25-ամյա վինգերին առաջարկել «բացարձակ կուռքի» կարգավիճակով վերադարձ։ Նշվում է, որ նմանատիպ նախագծերը կարիերայի որոշակի փուլերում կարող են շատ ավելի վճռորոշ լինել, քան ընդունված է կարծել։
Ինչ վերաբերում է «Արքայական ակումբի» դիրքորոշմանը, ապա մադրիդցիները հստակ նպատակ ունեն․ երկարաձգել պայմանագիրը բրազիլացու հետ նախքան նրա գործող համաձայնագրի վերջին տարին մեկնարկելը։ «Ռեալը» ոչ մի պարագայում չի դիտարկում իր առաջատարին անվճար բաց թողնելու տարբերակը։
























































