«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկն ամփոփել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի վերջին տուրում «Կոպենհագենի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (4։1)։
Չնայած գրանցված արդյունքին՝ գերմանացի մասնագետը չի թաքցրել իր դժգոհությունը թիմի մեկնարկային րոպեներից, սակայն կարևորել է մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու փաստը։
Առաջին խաղակեսի և թիմի ռեակցիայի մասին
«Ես գոհ չեմ, առաջին խաղակեսը լավը չէր,- խոստովանել է Ֆլիկը,- մենք գոլ բաց թողեցինք բավականին անհաջող խաղակեսում։ Սակայն ընդմիջումից հետո, փոքր ճշգրտումների շնորհիվ, մենք շատ ավելի լավ տեսք ունեինք։ Մենք պետք է կարողանանք լավ սկսել հանդիպումները հենց սկզբից և բարելավել խաղը պաշտպանությունում»։
Մրցաշարային դիրքի մասին
Ֆլիկը հատուկ ընդգծել է լիգայի փուլը 5-րդ հորիզոնականում ավարտելու կարևորությունը, ինչը թույլ է տալիս խուսափել անցումային փուլից.
«Այժմ մենք երկու խաղ պակաս կանցկացնենք։ Ի վերջո, մենք զբաղեցրինք 5-րդ տեղը, և դա ֆանտաստիկ է։ Այն փաստը, որ մեծ թիմեր դուրս են մնացել պայքարից, ցույց է տալիս, թե որքան բարդ է այս մրցաշարը, թեև ես կենտրոնանում եմ բացառապես իմ թիմի վրա»։
Լամին Յամալի և Մարկ Բեռնալի մասին
Մարզիչն առանձնահատուկ անդրադարձել է նաև կատալոնական ակումբի երիտասարդ աստղերին.
«Լամինը պետք է հարմարվի, քանի որ երբեմն մրցակիցները նրա դեմ երեք ֆուտբոլիստով են խաղում, բայց նա շատ լավ է գործում։ Նա զգալիորեն բարելավել է իր խաղը պաշտպանությունում, և դա նույնպես խաղի մի մասն է։ Նա շատ կարևոր է մեզ համար»։
«Մարկ Բեռնալը ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, և մենք ամեն օր տեսնում ենք նրան մարզումների ժամանակ։ Նա ներուժ ունի շարունակելու աճել։ Մենք բոլորս գիտենք, որ նա արտասովոր ֆուտբոլիստ է, բայց ֆիզիկապես դեռ պետք է բարելավի վիճակը՝ ստացած վնասվածքից հետո»։


























































