«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը կարծիք է հայտնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Մայքլ Քերիկի կատարած աշխատանքի վերաբերյալ։ Քինը չի հավատում, որ Քերիկը երկարաժամկետ հեռանկարում համապատասխանում է այդ պաշտոնին։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում ՄՅՈւ-ն 3:2 հաշվով առավելության հասավ «Արսենալի» նկատմամբ։ Սա մանկունիացիների երկրորդ անընդմեջ հաղթանակն էր Քերիկի գլխավորությամբ․ ավելի վաղ՝ հունվարի 17-ին, «կարմիր սատանաները» 2:0 հաշվով հաղթել էին «Մանչեսթեր Սիթիին»։
Sky Sports-ի փոխանցմամբ՝ Քինը մասնավորապես նշել է․
«Քերիկը դեռևս չի համապատասխանում այդ աշխատանքին։ Դա անմտություն է։ Երկու հիանալի հանդիպում, բայց ցանկացած ոք կարող է երկու խաղ հաղթել։ Նույնիսկ եթե ՄՅՈւ-ն առաջնությունն ավարտի չորրորդ տեղում, ես միևնույն է վստահ չեմ լինի, որ նա համապատասխանում է այդ պաշտոնին։ Բացարձակապես ոչ»։
ՄՅՈւ-ի նախկին ավագը համոզված է, որ ակումբին անհրաժեշտ է ավելի ճանաչված և հեղինակավոր մասնագետ․
«Նրանց հարկավոր է ավելի բարձրակարգ և ուժեղ մարզիչ։ Սակայն Քերիկը շանս է ստացել, և այն էլ՝ ինչպիսի՜ շանս։ Եվ գիտե՞ք ինչ, նա օգտագործում է այն»,- հավելել է Քինը։




























































