Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, թե ինչպես կարելի է հաջողության հասնել «արքայական» ակումբի ղեկին և ինչն է ամենակարևորը մարզիչ-ֆուտբոլիստ հարաբերություններում։
««Ռեալում» մարզիչները ֆուտբոլիստների տրամադրության տակ են։ Ինձ համար հաջողության գրավականը հենց դա է՝ լինել խաղացողի կողքին։ Եթե դու դա չես հասկանում, ապա երկար չես դիմանա այս ակումբում։ Մենք այստեղ ենք ֆուտբոլիստներին աջակցելու համար, պետք է ցույց տալ, որ նրանց կողքին ես»։
Ֆրանսիացի մասնագետն ընդգծել է, որ մարզչական գաղափարները պետք է ընդունելի լինեն թիմի համար.
«Որպեսզի հանդերձարանն ընդունի այն, ինչ ուզում ես ներդնել, ֆուտբոլիստներին դա պետք է դուր գա։ Եթե նրանք համաձայն չեն քո գործողությունների հետ, ապա միշտ ինչ-որ բան պակասելու է»։
Մեզ հետ նրանք իսկապես հաճույք էին ստանում։ Մենք մեծ վստահություն ներշնչեցինք տղաներին։ Նրանք բարդ շրջան էին ապրում և կարիք ունեին վերականգնելու թե՛ վստահությունը, թե՛ ֆիզիկական մարզավիճակը։ Երբ խաղացողը մրցունակ է, ուրախ է մարզվել և խաղադաշտ դուրս գալ, նա անպայման կնվաճի մրցաշրջանի բոլոր տիտղոսները», — նշել է Զիդանը Goal-ի հետ զրույցում։
Որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ՝ Զինեդին Զիդանը գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ դառնալով Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի սուպերգավաթի կրկնակի դափնեկիր, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, ինչպես նաև երկուական անգամ նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնության գավաթը։

























































