UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը «Match TV»-ի եթերում անդրադարձել է ֆուտբոլային աշխարհի վերջին աղմկահարույց իրադարձություններին։
Մարտիկը կեսկատակ ասել է, որ իսպանացի հայտնի մասնագետ Խաբի Ալոնսոն կարող է օգտակար լինել Մախաչկալայի «Դինամոյի» մարզչական շտաբին։
Երկուշաբթի՝ հունվարի 12-ին, Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել էր Խաբի Ալոնսոյի հեռանալու մասին։ 44-ամյա մասնագետի պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, և նա այժմ ազատ գործակալի կարգավիճակում է։ Միևնույն ժամանակ, Մախաչկալայի «Դինամոն» դեկտեմբերի վերջից գլխավորում է Վադիմ Եվսեևը։
«Все на Матч!» հաղորդման եթերում Մախաչևը մասնավորապես նշել է.
«Մախաչկալայի «Դինամոյում» փոփոխություններ են պետք։ Գուցե Խաբի Ալոնսո՞ն գա։ Նա հիմա անգործ է»։
Հաղորդավարն արձագանքել է.
«Բայց այնտեղ արդեն Վադիմ Եվսեևն է նշանակված»։
Ի պատասխան՝ Մախաչևը հավելել է.
«Գուցե նա էլ օգնի։ Մեզ Մախաչկալայի «Դինամոյում» հիմա օգնականներ են պետք»։
Հիշեցնենք, որ Ալոնսոյին «սերուցքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ալվարո Արբելոան։



























































