«Ռեալի» ակումբային հեռուստատեսությունն անդրադարձել է թիմի պարտությանը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում, որտեղ մադրիդցիները զիջեցին «Ալբասետեին» (2:3):
«Այսօր «Ռեալը» Ալբասետեում իրեն լավագույն կողմից չդրսևորեց։ Մենք պետք է ընդունենք դա, սա շատ վատ տպավորություն է թողնում։ Արբելոան մեղավոր չէ, և այս հանդիպումը պետք է բեկումնային լինի։ Երեք օրվա ընթացքում մենք կորցրինք երկու տիտղոս։
Իրավիճակը պետք է փոխվի։ Մենք պետք է զգալիորեն բարելավենք մեր խաղը և դա անենք արագ։ Մրցաշարերից մեկը կորսված է, բայց շաբաթ օրը սպասվում է Լա Լիգայի հանդիպումը, վերսկսվում է Չեմպիոնների լիգան, և մենք պետք է արձագանքենք հենց հիմա։ «Ռեալը» պետք է դուրս գա այս վիճակից»,- ակումբային հեռուստատեսության խոսքերը մեջբերում է Football Espana-ն։
Նշենք, որ այս հանդիպումը դեբյուտային էր «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի համար, ով այդ պաշտոնում փոխարինել է Խաբի Ալոնսոյին։
Հունվարի 11-ին մադրիդյան ակումբը Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում պարտվել էր «Բարսելոնային» (2:3), ինչից հետո Ալոնսոն հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։



























































