Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հնարավորություն ունի պահպանելու իր պաշտոնը նաև ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն դրա համար պետք է բավարարի ակումբի ղեկավարության կողմից առաջադրված կոնկրետ պահանջները։
Իսպանացի մասնագետը փոխարինել է Խաբի Ալոնսոյին, որը պաշտոնանկ էր արվել Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունից (2-3) հետո։ Թեև նախկին պաշտպանը նշանակվել է մինչև ամառ, նրա պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «արքայական» ակումբի ղեկավարությունը տեղեկացրել է Արբելոային, որ նա կշարունակի ղեկավարել թիմը հաջորդ մրցաշրջանում, եթե կատարի երկու հիմնական պայման՝ նվաճի տիտղոսներ ընթացիկ մրցաշրջանում և կարգավորի հարաբերությունները ֆուտբոլիստների հետ։
Եթե մարզիչը չկարողանա իրագործել դրված խնդիրները, ամռանը ակումբը նոր մասնագետի փնտրտուք կսկսի։


























































