UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կցանկանար գրեփլինգ մենամարտ անցկացնել թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի դեմ ACBJJ լիգայում, որտեղ հայ մարտիկն արդեն մի քանի ժամանակից շուտ հաղթանակ է տարել և դարձել կազմակերպության աստղ։
«Փոխանակ երկու-երեք ամիս ինչ-որ գոտեմարտերի պատրաստվեմ, ավելի լավ է պատրաստվեմ իրական մենամարտի։ Արմանը դուրս է գալիս մարզումային գոտեմարտերի՝ Բենսոն Հենդերսոնի, Պատրիկի Ֆրեյրեի դեմ։ Նա ուներ մեկ արժանի մրցակից՝ Մեհդի Բայդուլաևը, բայց նա պատրաստ չէր այդ գոտեմարտին, քանի որ փոխարինող մարտիկ էր։ Ես գոտեմարտել եմ Մեհդիի հետ, նա շատ ուժեղ է։ Խոսակցություններ կան ռևանշի մասին. եթե Մեհդիին մի փոքր ժամանակ տան պատրաստվելու, նա մկանային զանգված հավաքի և քաշն ավելացնի, նրանց միջև շատ մրցակցային պայքար կլինի։ Իսկ մյուսների հետ, որոնց հաղթել է Արմանը, կարող եմ ասել մեր մարզասրահում կարելի է ավելի հետաքրքիր գոտեմարտեր կազմակերպել։
Ինձ առանձնապես հետաքրքիր չեն նման գոտեմարտերը, որովհետև ես կարող եմ պատրաստվել մենամարտի և ստանալ շատ ավելի մեծ հոնորար։ Պարզապես ըմբշամարտելու համար դուրս գալն ինձ չի հետաքրքրում»,- Մախաչևի խոսքերն է մեջբերում Ушатайка-ն։
Երկու մարտիկներն էլ վերջին անգամ օկտագոն են դուրս եկել անցյալ ամիս. նոյեմբերի 15-ին Իսլամ Մախաչևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ավստրալացի Ջեկ Դելա Մադալենային և դարձավ UFC-ի կիսամիջին քաշային կարգի նոր չեմպիոնը, իսկ Արման Ծառուկյանը մեկ շաբաթ անց խեղդող հնարքով հաղթեց նորզելանդացի Դեն Հուկերին՝ պահպանելով թեթև քաշայինների վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։




























































