«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկը ներկայացրել է իր դիրքորոշումը սոցիալական ցանցերում հնչող քննադատությունների վերաբերյալ։
«Շուրջբոլորը չափազանց շատ աղմուկ կա։ Հաջորդ սերնդի համար շատ դժվար է լինելու։ Արտահայտվելու հարթակները գնալով ավելանում են, և ես ու Մոհամեդ Սալահը անընդհատ հորդորում ենք երիտասարդ խաղացողներին հեռու մնալ սոցիալական ցանցերից։
Հաճախ կարելի է լսել՝ «Դուք պարզապես պետք է համակերպվեք դրա հետ»: Ո՛չ, դա այդպես չի աշխատում: Եկեք պարզապես ֆուտբոլ խաղանք: Այդպես էին վարվում տասը, քսան տարի առաջ, և բոլորը լեգենդի կարգավիճակ ստացան»,- Վան Դայկի խոսքերն է մեջբերում The Times-ը:
Ֆուտբոլիստի կարծիքով՝ սոցցանցերը կարելի է օգտագործել բազմաթիվ դրական նպատակներով, սակայն ֆուտբոլիստների համար դա վտանգավոր տիրույթ է։ Նա նշել է, որ հատկապես հեռուստատեսությամբ ելույթ ունեցող նախկին թոփ-խաղացողները պատասխանատվություն են կրում սահմանը չանցնելու համար։
«Ես չեմ ասում, որ երբեք պետք չէ քննադատել, բայց, մյուս կողմից, պետք է հիշել, թե ինչպես ենք մենք հոգ տանում խաղացողների հաջորդ սերնդի մասին»,- հավելել է պաշտպանը:
Նշենք, որ Վան Դայկը հանդես է գալիս «Լիվերպուլում» 2018 թվականից։ 34-ամյա նիդերլանդացին Անգլիայի կրկնակի չեմպիոն է և Չեմպիոնների լիգայի հաղթող։




























































