«Արսենալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, ում իրավունքները պատկանում են «Ռեալին», գնահատելով թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մակարդակը, բարձր գնահատեց նաև իսպանական մեկ այլ մասնագետ՝ Խոսեպ Գվարդիոլային:
Արտետան վերջին երկու մրցաշրջանում աշխատել է որպես Գվարդիոլայի օգնական «Մանչեսթեր Սիթիում»՝ նախքան լոնդոնյան ակումբում ինքնուրույն աշխատանք սկսելը:
«Ես շատ գոհ եմ Արտետայից: Նա սովորել է մեկի հետ, ով, հավանաբար, լավագույն մարզիչն է ֆուտբոլի պատմության մեջ: Նա ունի մի քանի հիմնական կոնցեպցիաներ և հաղթողի մտածելակերպ: Կարծում եմ, որ Արտետան ևս շատ շուտով կդառնա Անգլիայի լավագույն մարզիչներից մեկը», — Սեբալյոսի խոսքերն է մեջբերում DAZN-ը:
Նշենք, որ Գվարդիոլան խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ռեալի» գլխավոր մրցակցի՝ «Բարսելոնայի» ճամբարում: Բացի այդ, Պեպը ղեկավարել է կատալոնական ակումբը 2008-ից 2012 թվականներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սեբալյոսը այն խաղացողներից մեկն է, ում հետ կարող է բաժանվել «Ռեալը»՝ աշխատավարձերի բալաստը կրճատելու համար: