Իտալացի Լուչանո Սպալետին նշանակվել է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ, հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
66-ամյա մասնագետի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
2025 թվականի հունիսին Սպալետին լքել էր Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը և այդ ժամանակից ի վեր չէր աշխատում։ Իտալիայում նա մարզել է «Էմպոլի», «Սամպդորիա», «Վենեցիա», «Ուդինեզե», «Ռոմա», «Ինտեր» և «Նապոլի» ակումբները։ «Նապոլիի» հետ նա 2023 թվականին դարձել է Իտալիայի չեմպիոն։
Սպալետին «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Իգոր Տուդորին։ Խորվաթ մասնագետի գլխավորությամբ թիմը չէր հաղթել բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին ութ խաղերում։ Չորեքշաբթի օրը թիմը ժամանակավոր մարզիչ Մասիմո Բրամբիլայի գլխավորությամբ 3:1 հաշվով հաղթել է «Ուդինեզեին» Ա Սերիայի իններորդ տուրում։
Ներկայումս «Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը՝ վաստակած 15 միավորով։ Հաջորդ տուրում «ծեր սինյորան» նոյեմբերի 1-ին հյուրընկալվելու է «Կրեմոնեզեին»։



























































