Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը դժգոհություն է հայտնել Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ (2:1) խաղի 72-րդ րոպեին իր փոխարինումից:
Հանդիպումը կայացել է Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն դաշտից հանել է Վինիսիուսին և ուրուգվայցի Ֆեդերիկո Վալվերդեին՝ փոխարինելով նրանց պաշտպան Դանիել Կարվախալով և հարձակվող Ռոդրիգոյով:

Բրազիլացին չափազանց զայրացած է եղել մարզչի այդ որոշումից և բուռն կերպով արտահայտել է իր անհամաձայնությունը:
Ֆուտբոլիստը դժգոհել է Ալոնսոյից և փոխարինումից անմիջապես հետո մեկնել հանդերձարան։ Որոշ ժամանակ անց Վինիսիուսը վերադարձել է պահեստայինների նստարան և իր թիմակիցների հետ դիտել հանդիպման եզրափակիչ հատվածը։
Խաղից հետո մամուլի ասուլիսում Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Վինիսիուսի էմոցիոնալ արձագանքը.
«Ես մեծ բավականություն եմ ստանում Վինիսիուս Ժունիորի խաղից և չեմ ուզում բաց թողնել գլխավորը: Նա մեծ ներդրում ունեցավ: Սա կարևոր, արժանի հաղթանակ էր, որը կարող էր ավելի համոզիչ լինել՝ հաշվի առնելով մեր պահերն ու չիրացված 11 մետրանոցը: Կարևոր է վերադարձնել մրցունակ թիմի զգացումը կարևոր հանդիպումներում։ Բոլոր մարզիչները գիտեն, որ բոլորը տարբեր բնավորություններ ունեն։ Այժմ մենք կվայելենք հաղթանակը, իսկ երբ ժամանակը գա, իհարկե, դա կքննարկենք հանդերձարանում», – Ալոնսոյի խոսքն է մեջբերում մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։























































