Իսպանական ֆուտբոլի ղեկավարը դառնորեն քննադատել է «Մրցակցության արդարություն» պահանջողներին և շնորհակալություն հայտնել «Բարսային» ու «Վիլյառեալին»։
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը բուռն է արձագանքել առաջնության 17-րդ տուրի «Բարսելոնա»-«Վիլյառեալ» հանդիպումը Միացյալ Նահանգներում անցկացնելու ծրագրի չեղարկմանը։ Դեկտեմբերի 20-ին նախատեսված խաղի չեղարկումը տեղի ունեցավ ֆուտբոլիստների բողոքի ֆոնին, որոնք 9-րդ տուրի խաղերում, ի նշան անհամաձայնության, հանդիպման մեկնարկին չէին խաղում։
Տեբասն իր X-ի էջում գրել է, որ իսպանական ֆուտբոլը կորցրեց «համաշխարհային մակարդակով իր մասին հայտարարելու և ապագան ամրապնդելու» շանսը։
«Մրցակցության արդարության» մասին խոսում են նրանք, ովքեր տարիներ շարունակ կասկածի տակ են դրել այն, ճնշում գործադրելով մրցավարների վրա, ստեղծելով աղավաղված պատմություններ կամ օգտագործելով քաղաքական ու մեդիա ճնշումը որպես մարզական գործիք»,- հայտարարել է Լա Լիգայի ղեկավարը։ Նա նշել է, որ ընդդիմադիր կողմերի մոտ առկա «տեղեկատվությունը» պարզապես պատրվակ էր նախագիծը տապալելու համար, որն, ըստ նրա, քննարկվել էր դեռ 2018 թվականին։
Տեբասը հատուկ շնորհակալություն է հայտնել «Վիլյառեալին» և «Բարսելոնային»՝ «մրցաշարի զարգացումը» նպատակ ունեցող նախագծին մասնակցելու համար՝ ընդգծելով. «Նրանք չէին մտածում իրենց մասին, նրանք մտածում էին բոլորի մասին»։
Չնայած անհաջողությանը, Լա Լիգայի ղեկավարը հայտարարել է, որ կազմակերպությունը կշարունակի պայքարել իսպանական ֆուտբոլի մրցունակության համար՝ հարգելով «արմատները և ապահովելով կայունությունը»։ «Իսպանական ֆուտբոլն արժանի է նայել ապագային՝ ամբիցիաներով, ոչ թե վախով։ Մենք կշարունակենք փորձել։ Այս անգամ մենք շատ մոտ էինք»,- եզրափակել է Տեբասը։


























































