«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կրկին մեկնաբանել է Լա լիգայի 9-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում (2:1) իր ստացած կարմիր քարտը՝ ընդգծելով, որ շատ է ափսոսում, քանի որ պետք է բաց թողնի «Էլ Կլասիկոն»։
«Ինչպես արդեն ավելի վաղ եմ ասել, ես ծափահարում էի Ֆրենկիին, ոչ թե մրցավարին։ Փորձեցի խոսել մրցավարի հետ, բայց նա չցանկացավ խոսել ինձ հետ։ Նա իր որոշումը կայացրեց, և ես ընդունեցի այն։ Այսքանը կարող եմ ասել։ Ինձ ցավ է պատճառում, որ չեմ կարողանա թիմի հետ լինել «Էլ Կլասիկոյում»,– «Բարսելոնայի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ կիրակի՝ հոկտեմբերի 26-ին, «Բարսելոնան» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կհյուրընկալվի Մադրիդի «Ռեալին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:15-ին։
























































