«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի կարողանա խաղադաշտի եզրից ղեկավարել թիմը Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող «Էլ Կլասիկոյում»։ Պատճառը Լա Լիգայի 9-րդ տուրի «Ժիրոնայի» դեմ խաղում (2:1) նրա ստացած կարմիր քարտն է։
«Բարսելոնան» «Ժիրոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո վաստակել է 22 միավոր և գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ռեալ Մադրիդը» 21 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, սակայն ունի մեկ խաղ պակաս՝ հոկտեմբերի 19-ին «Խետաֆեի» դեմ։
«Էլ Կլասիկոյից» առաջ երկու թիմերն էլ կանցկացնեն Չեմպիոնների լիգայի հերթական տուրի հանդիպումները։ «Բարսելոնան» հոկտեմբերի 21-ին տանը կմրցի հունական «Օլիմպիակոսի» հետ, իսկ «Ռեալը» հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին, կընդունի իտալական «Յուվենտուսին»։
























































